Արցախում կապի խափանումից հետո գործարկվել է ArtsakhX-ը
Նմանատիպ
Արցախի Հանրապետության կառավարության և «Զանգի Լայվքոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` հատուկ արցախցիների համար ստեղծվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը, որը նախատեսված է Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ըստ աղբյուրի՝ ArtsakhX հավելվածի միջոցով օգտատերերը կարող են ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ (End-to-End) գաղտնագրված ձևով միմյանց փոխանցել անձնական հաղորդագրություններ, ֆայլեր, կատարել աուդիո և տեսազանգեր: Ի տարբերություն այլ հայտնի մեսենջերների՝ ArtsakhX-ում հաղորդագրությունները, ֆայլերը, զանգերը չեն պահպանվում սերվերների վրա, ինչը հնարավորություն կտա խուսափել հաքերային հարձակումներից։
«Տվյալների ցածր օգտագործման ռեժիմը» թույլ է տալիս հաղորդակցվել նույնիսկ ցածր թողունակությամբ, ոչ կայուն և նույնիսկ աշխարհից անջատված համացանցի բացակայության դեպքում։ Նշված համակարգի աշխատունակությունը ապահովելու համար պարտադիր է ունենալ Wi-Fi կամ բջջային տվյալների կապի հասանելիություն։ Այսինքն՝ այն կգործի նաև Արցախի Հանրապետությունից դուրս կապի խափանման, ընդհատման դեպքում։
Նշվում է, որ օգտատերերը կարող են ներբեռնել և օգտագործել հավելվածը Google Play-ից, App Store-ից կամ ArtsakhX-ի պաշտոնական կայքից՝ գրանցվելով միայն արցախյան բջջային հեռախոսահամարով։Zangi ընկերությունը «ArtsakhX» համակարգն ստեղծել և սպասարկում է անհատույց սկզբունքներով։
Հավելենք, որ հավելվածը Արցախում ինտերնետային խափանումներից հետո գործարկվել է առանց ինտերնետ կապի առկայության։
«ArtsakhX հաղորդագրությունների հավելվածն արդարացրել է մեր սպասելիքները. թեև այս պահին այն չի գործում ամբողջական գործառույթներով, այն շարունակում է ապահովել հաղորդակցությունը նույնիսկ ինտերնետ կապի բացակայության դեպքում»,-ասել է ընկերության գործադիր տնօրեն Վագրամ Մարտիրոսյանը։