BMW-ն և Audi-ն անջատել են ռուս դիլերներին ծրագրային ապահովումից
Նմանատիպ
Գերմանական BMW և Audi ավտոարտադրողները, հետևելով Mercedes-Benz-ին, անջատել են ռուս դիլերներին ծրագրային ապահովումից: Այս մասին գրել է Известия-ն։
Սպասարկման պատմությունը և ապրանքների թարմացումներն այլևս հասանելի չեն այս ապրանքանիշերի մեքենաների սեփականատերերին: Ռուսաստանում BMW-ի ամենախոշոր դիլերային կազմակերպությունը՝ BorisHof-ը, ասել է, որ այժմ այդ մեքենաների սեփականատերերը չեն կարողանա բանալիները կրկնօրինակել։ Սակայն «կան այլ դժվարություններ» ևս: Օրինակ՝ ինչպես նշել է տեխնիկական սպասարկման բաժնի աշխատակիցը, հայտնի չէ՝ արդյոք դիլերները կկարողանան «ախտորոշել» մեքենաները, թե ոչ։
Մեկ այլ խոշոր կենտրոն՝ Avtodom-ը, հայտնել է, որ BMW-ի առցանց ծառայությունների հասանելիությունն իրականացվում է «լրացուցիչ պահուստային ալիքների» միջոցով։ Մեքենաների տերերին սկսել են ուղարկել BMW-ից ծրագրային ապահովումն անջատելու մասին հաղորդագրություններ, նշել է Известия-ն։
Ինչպես ընդգծել է դիլերային կազմակերպության տնօրենը, ստացվում է, որ Ռուսաստանի տարածքում պետք է անցում կատարվի սպասարկման թղթային տարբերակին։ «Եթե մինչ արգելափակումը ես կարող էի գալ Ռուսաստանի ցանկացած պաշտոնական դիլերային կենտրոն, և մենեջերը բանալիով տեսնում էր վազքը, վերջին վերանորոգումը և այլն, ապա հիմա նման հնարավորություն չկա»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ծառայության ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ պետք է սպասել նաև պաշտոնական BMW ConnectedDrive հավելվածի ֆունկցիոնալության սահմանափակումներին, որոնց միջոցով հասանելի է եղել հեռահար բռնկումը, մեքենայի տաքացումը, վառելիքի մակարդակը հետևելը և թարմացումների ու հետկանչման արշավների մասին տեղեկությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում