Վեց մրցանակ «Գրքարվեստ» միջազգային մրցույթում
Նմանատիպ
Հայաստանը վեց մրցանակ է ստացել Մոսկվայում տեղի ունեցած «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթում: Տեղեկությունը հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանը ներկայացել է յոթ անվանակարգում։
«Մինչև մրցույթի միջազգային փուլը Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ուղարկվելիք գրքերը։ Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը նշված գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր»,– ասված է հաղորդագրությունում:
«Համագործակցություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն-անգլերեն պատկերագիրքը։
«Իմ երկիրը» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը։
«Մշակութային երկխոսություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Զավեն Բոյաջյանի և Ռուզաննա Բագրատունյանի «Համո Բեկնազարյան» անգլերեն պատկերագիրքը, որը լույս է տեսել Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում։
«Մանկապատանեկան գիրք» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն պոեմների և բալլադների ընտրանին։
«Գիտություն և կրթություն» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը։
«Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Գևորգ Բրուտյանի «Հայկական տարազ» հայերեն-անգլերեն պատկերագիրքը։
Նշենք, որ մրցույթին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում