Ադրբեջանի նոր նկրտումները ՀՀ տարածքն ադրբեջանական ներկայացնելու վերաբերյալ․ Արման Թաթոյան

Ադրբեջանի նոր նկրտումները ՀՀ տարածքն ադրբեջանական ներկայացնելու վերաբերյալ․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կրկին անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից ամբողջ Հայաստանի տարածքը ադրբեջանական ներկայացնելու փորձերին այս անգամ արդեն պետության մակարդակով։

Նա նշել է, որ մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան:

«Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով»,- ասել է Թաթոյանը։

Նա շարունակել է անդրադառնալով արդեն այս երևույթի մասշտաբներին. «Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային նոր նկրտումները և սպառնալիքները։ Ընդ որում, խոսքը ոչ թե 1 կամ 2 բնակավայրի, այլ Հայաստանի ամբողջ տարածքի մասին է. ինչպես իրենք են նշում՝ 29,800 քառ.կմ»։

Նա հատկապես ուշագրավ է համարել այն փաստը, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը գրեթե չի գործածվել Ադրբեջանում։  Այս նոր եզրույթն իր հայեցակարգով մշակվել և շրջանառվում է հատկապես 2022թ. սկսած։

«Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներ են արդեն խոսում վերադարձի ինչ-որ առաջին փուլի և արդեն մոտ 300,000 մարդու մասին։ Այս ամենը պետք է դիտարկել՝ որպես ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության մաս, որ իրականում որևէ առնչություն չունի խաղաղության հետ և իրացվում է ադրբեջանական շարունակվող թշնամանքի պայմաններում»,- եզրափակել է Արման Թաթոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում