«Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգի մեջ է, և դա անընդունելի է»․ Հաջա Լաբիբ
Նմանատիպ
Բելգիան խորապես մտահոգված է հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը։
«Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում և հիվանդության ու սովամահության սպառնալիքներ է առաջացնում։ Այս առավոտ ևս հաստատվեց դա իմ հանդիպման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ․ Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգի մեջ է, և դա անընդունելի է»,– նշել է Բելգիայի ԱԳ նախարարը։
Նա շեշտել է, որ Բելգիան ամբողջությամբ ընդունում է Եվրամիության դիրքորոշումը։ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Նա հավելել է, որ Բելգիան և Եվրամիությունը կշարունակեն դիվանագիտական շփումներում պնդել սա։
Ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը հայտարարել է, որ ամենակարևորը ստեղծված փակուղուց դուրս գալն է։
«Այս փակուղին արդեն շատ երկար է տևում։ Որպեսզի հումանիտար վիճակը բարելավվի, և Ղարաբաղում ապրող հայ բնակչության կյանքի պայմանները բալերավվեն… դա հրադադարի համաձայնության մաս է կազմում, և մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` լինի դա Վաշինգտոնում, թե այլ վայրում»,– նշել է նախարարը։
Ըստ Լաբիբի՝ բանակցությունները չեն պակասում, պակասում է դրանք տեղում իրականացնելու կամքը։ Նա ընդգծել է, որ Բաքվում ևս կխոսի երկու ժողովուրդների միջև իրական հաշտեցման, վստահության հաստատման հնարավորությունների մասին։
Նա հավելել է, որ Բելգիան` որպես ԵՄ ակտիվ անդամ և շուտով նաև Եվրամիության խորհրդի նախագահող երկիր, ամրապնդելու և ավելացնելու է նաև իր մասնակցությունն այս բոլոր գործընթացներին, այդ թվում` դեսպանության միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում