Հունաստանում 18 մարդ է զոհվել անտառային հրդեհներից
Նմանատիպ
Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհների արդյունքում զոհվել է 18 մարդ։ Այս մասին հայտնել է հրշեջ ծառայության մամուլի խոսնակ Իոանիս Արտոպիոսը։ Ըստ նրա, զոհվածները հնարավոր է լինեն անօրինական ներգաղթյալներ։
«Ալեքսանդրուպոլիսի շրջանում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջ բրիգադի աշխատակիցների կողմից շինություններից մեկի մոտ հայտնաբերվել է 18 դի։ Հաշվի առնելով, որ մոտակա շրջաններից բնակիչների անհետացման հետ կապված ոչ մի ահազանգ չի ստացվել, այս պահին ստուգվում է զոհվածների անօրինական ներգաղթյալներ լինելու հավանականությունը»,-ասել է նա։
Արտոպիոսը հավելել է, որ երկուշաբթի այդ շրջանի արտակարգ ծառայությունների 112 հեռախոսահամարով տարհանման մասին հաղորդագրություններ են ուղարկվել: Հաղորդագրություններ են փոխանցվել նաև արտասահմանյան ցանցերի բջջային հեռախոսներին։
Հրշեջ ծառայության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այս պահին ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ՝ հնարավոր այլ զոհերի կամ վիրավորների հայտնաբերելու ուղղությամբ։
Նշենք, որ շաբաթ օրը Հունաստանի Ալեքսանդրուպոլիսի շրջանում բռնկվել է անտառային խոշոր հրդեհ, սակայն դեռևս կրակի տարածումը կանխել չի հաջողվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում