Ադրբեջանին ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ

Ադրբեջանին ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Twitter–ի իր էջում հրապարակած տեսաուղերձում։

«Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է։ Արցախի 120 հազար բնակիչ զրկված են սննդամթերքի, դեղորայքի և այլ հնարավորություններից։ Արդյունքում մարդիկ մահանում են»,– ասել է կոնգրեսականը տեսանյութում։

Նա հիշեցրել է, որ Արցախում ապրող հայերն այս պահին շարունակում են մնալ շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարգը` Լաչինի միջանցքը։

«Արձագանքը պետք է լինի հասցեկան, ու այն պետք է լինի հրատապ կարգով»,– ասել է նա։

Շիֆը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցչի հետ ու խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին։

«Ցավոք, ոչինչ չստացվեց։ Անհրաժեշտ է բանաձև, որը կպահանջի դադարեցնել միջազգային իրավունքի այս խախտումը, անհրաժեշտ է ապահովել պարենի և դեղորայքի ազատ հասանելիությունը, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժը», – հայտարարել է Ադամ Շիֆը։

Ըստ կոնգրեսականի` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ վարչակազմը պետք է շատ ավելին անեն, քան հիմա, և, առաջին հերթին, դադարեցնեն ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել, հատկապես այն դեպքում, երբ այդ աղետը շարոնակվում է։ Վարչակազմը պետք է խոսի և գործի, հակառակ դեպքում մարդիկ կշարունակեն մահանալ։ Ես խորապես մտահոգված եմ հայոց նոր ցեղասպանության վտանգով»,- հայտարարել է կոնգրեսականը։

Վերջում նա հիշեցրել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Հայաստանի դեմ հանգեցրեց հազարավոր մարդկանց մահվան, այդ երկիրը շարունակում է նաև ապօրինի պահել ռազմագերիներին ՝ խախտելով միջազգային իրավունքը: Դրանք, ըստ Ադամ Շիֆի, չափազանց լուրջ խնդիրներ են, բայց այս պահին առաջնահերթություն պետք է լինի Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում