Հայ առաքելական եկեղեցին նոր թիրախ է ադրբեջանական քարոզչամեքենայի համար

Հայ առաքելական եկեղեցին նոր թիրախ է ադրբեջանական քարոզչամեքենայի համար

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախ է դարձել Հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին Թաթոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան օգտահաշվում։

Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։  Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:

«Այս ամենը լայնածավալ ներկայացվում է` որպես ադրբեջանական, առավել կոնկրետ` ալբանական կամ ուդիական հուշարձաններ: Ընդ որում, խոսքը թե´ Հայաստանում, թե´ Արցախում կառուցված, գործող կամ չգործող եկեղեցիների մասին է»,- հավելել է Թաթոյանը։

Նա անդրադարձել է եկեղեցիների ավերածություններին նշելով, որ ավերված կամ կիսաքանդ հայկական եկեղեցիները ներկայացվում են իբրև հայերի կողմից ավերված ադրբեջանական մշակութային հուշարձաններ: Սա անմիջակարորեն ուղղված է էթնիկ հայկական ինքնության վերացմանը: Այս ամենն արվում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգի շրջանակում, որով նկատի է ունեցվում ամբողջ Հայաստանը։

«Այս կեղծ հայեցակարգը սահմանում է նաև, որ Հայաստանը պարտավոր է «վերականգնել և պաշտպանել ադրբեջանական ավերված մշակութային ժառանգությունը` որպես հաշտեցման նախապայման»: Արտաքին աշխարհի համար նախատեսված այս արտաքուստ մարդասիրական պահանջի ներքո իրականում ադրբեջանական իշխանությունը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:

Այս դիրքերից Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ՝ փորձելով վարկաբեկել հայոց եկեղեցին, Հայաստանին մեղադրել ալբանական կամ ուդիական եկեղեցիները «յուրացնելու» մեջ»,- ասվում է գրառման մեջ։

Թաթոյանը նաև խոսել է կրոնական թշնամանքի մասին ասելով, որ Ադրբեջանի իշխանությունը ջանքեր է գործադրում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրսում կրոնական թշնամանք բորբոքել հայերի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը մուսուլմանական աշխարհին մի քամի անգամ կոչ է արել վրեժխնդիր լինել հայերից ու Հայաստանից՝ բացարձակ կեղծիքով մեղադրելով մեր ժողովրդին իսլամաֆոբիայի մեջ:  Այս կոչը, ըստ էության, ադրբեջանական ագրեսիվ հարձակումն է ողջ քրիստոնեական համայնքի վրա:

«Իրականում, իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ։ Այս ամենն ապացույցներով ամրագրված է մեր հատուկ զեկույցներում և ներկայացվում է միջազգային հանրությանը»,- եզրափակել է նախկին ՄԻՊ-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում