Ռուսաստանը խստացրել է Ճապոնիայից ներկրվող ձկնամթերքի վերահսկողությունը

Ռուսաստանը խստացրել է Ճապոնիայից ներկրվող ձկնամթերքի վերահսկողությունը

Հուլիսի 8-ից Ճապոնիայից ձկնամթերքի ներկրման նկատմամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում։ Աղտոտված արտադրանքի մուտքը Ռուսաստան՝ արգելվում է։ Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորը։

«Ֆուկուսիմա-1 ատոմակայանից ռադիոակտիվ ջրի բացթողմամբ պայմանավորված՝ Ռոսպոտրեբնադզորը 2023 թվականի հուլիսի 8-ից մտցրեց ուժեղացված սանիտարական հսկողություն։ Կատարվել է ավելի քան յոթ տոննա ջրային կենսաբանական ռեսուրսների և դրանցից ստացված արտադրանքի ուսումնասիրություն, հիգիենիկ չափանիշների ավելցուկներ չեն հայտնաբերվել»,- նշել են գերատեսչությունում։

Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ Ճապոնիայից Ռուսաստան սննդամթերքի մատակարարումը թույլատրվում է միայն համապատասխան հայտարարարագրերի առկայության դեպքում, որոնք հաստատում են գործող օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխանությունը։

Հինգշաբթի օրը ճապոնական TEPCO-ն (Tokyo Electric Power Company) սկսեց վնասված ռեակտորների սառեցման համար օգտագործված ջուր լցնել օվկիանոս։ Կամակերպության խոսքով՝ ջուրը գործածությունից հետո մշակվել է ALPS համակարգով: Այն թույլ է տալիս մաքրել ջուրը 62 տեսակի ռադիոնուկլիդներից, բացառությամբ տրիտիումի։

Այս ջուրը պահվում է կայանի պահեստավորման հսկայական բաքերում։ Ամեն օր դրանց ավելանում է մոտ 140 տոննա ռադիոակտիվ ջուր։ Կայանում տեղադրվել է մոտ 1000 հսկա բաք, սակայն դրանց ծավալի գրեթե 90%-ը՝ 1,37 մլն տոննան, արդեն լցված է։

Հավաքված ջուրը օվկիանոս բաց թողնելն ընտրվել է որպես բաքերը դատարկելու միջոց։ Դա անելու համար ռադիոակտիվ ջուրը նախապես խառնվում է ծովի ջրի հետ հատուկ բաքի մեջ, որը նման է բացօթյա լողավազանի։ Այս կերպ ռադիոակտիվ տրիտիումի կոնցենտրացիան իջեցվում է սահմանված նորմերից 40 անգամ ցածր մակարդակի:

Ճապոնիայի արդյունաբերության նախարարության տվյալներով՝ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում կուտակված 1,25 մլն տոննա ջրում տրիտիումի ռադիոակտիվությունը կազմում է 860 տրիլիոն բեկերել։ Վթարից առաջ կայանը տարեկան 2,2 տրիլիոն բեկերել տրիտում պարունակող ջուր էր լցնում ծով: Դրանից հետո այն լցվում է օվկիանոս՝ հատակի երկայնքով հատուկ դրված թունելով՝ ափից 1 կիլոմետր հեռավորության վրա։ Ակնկալվում է, որ բաքերը ազատելու համար ջուրը ծովը կլցնեն 30 տարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում