440 օտարերկրացի դիմել է ՀՀ–ում ապաստան ստանալու համար

440 օտարերկրացի դիմել է ՀՀ–ում ապաստան ստանալու համար

440 մարդ 2023 թ. առաջին կիսամյակում դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Ըստ հրապարակման` 440 մարդուց 156-ի դիմումը կարճվել է, 55-ինը` մերժվել, իսկ փախստականի կարգավիճակ է ստացել 179 մարդ։

2023 թ. առաջին կիսամյակում Հայաստանից ամենից շատ Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցել` 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 115 մարդ, 3–րդ տեղում Իրանի՝ 40 մարդ։

Ցանկում Ռուսաստանը 6-րդ տեղում է. ընդամենը 18 մարդ է դիմել ՀՀ–ին ապաստան ստանալու համար։ Սա այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացիների հոսքը դեպի ՀՀ վերջին տարիներին գրեթե կրկնապատկվել է։

Ըստ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հրապարակած տվյալների` ցանկում կան Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ։ Ադրբեջանի քաղաքացիները արական սեռի ներկայացուցիչներ են, որոնցից մեկի դիմումը կարճվել է, մյուսի ընթացքի մասին նշված չէ։

Թուրքիայի 10 քաղաքացիներից երկուսի դիմումը կարճվել է, մեկը` մերժվել, մյուս դիմումների ընթացքի մասին դարձյալ նշված չէ։

Հայաստանից ապաստան են հայցել նաև Նիգերիայի, Իսրայելի, Տաջիկստանի, Մարոկկոյի և այլ երկրների քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, աշխարհի ամենաանվտանգ 117 երկրների շարքում Հայաստանը 25-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում