Ամերիկահայերի կազմակերպած ցույցին են միացել Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը

Ամերիկահայերի կազմակերպած ցույցին են միացել Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը

Ամերիկայի համահայկական խորհուրդը Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև կազմակերպել է ակցիա, որին միացել են նաև ԱՄՆ դաշնային, նահանգային և քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ են արել գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու և հայերի դեմ երկրորդ ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։

Ակցիային ելույթ են ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը։

Ադամ Շիֆը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ նամակ էր ուղղել ԱՄՆ վարչակազմին, անձամբ Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու հարցով։ Շիֆը նաև խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ՝ խնդրելով անել ամեն բան ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

«Ես կանգնած եմ Արցախի 120 հազար բնակիչների կողքին և նրանց պաշտպանող հայկական սփյուռքի կողքին։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը պետք է ավարտվի։ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել՝ «այլևս երբեք»։ Մենք պետք է անենք ավելին, քան խոստումները։ Մենք պետք է գործենք», – ակցիայից հետո իր թվիթերյան էջում գրել է Շիֆը։

Բրեդ Շերմանը ևս խոսել է Արցախում շրջափակված 120 հազար մարդկանց մասին՝ շեշտելով, որ Ադրբեջանն օգտագործում է «պատերազմական հանցագործությունների ամենադաժան զենքը՝ սովամահությունը»։

«Մենք ականատես ենք լինում Արցախում ծավալվող հումանիտար աղետի։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի վարչակարգին և վերջ դնենք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական աջակցությանը», – գրել է Շերմանն Twitter-ում ակցիայից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում