Գերակա մասնագիտություններով ընդունվածները կստանան կրթաթոշակ
Նմանատիպ
ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով ընդունված ուսանողներն առաջին կուրսում կստանան 50000 դրամի չափով կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 դրամի չափով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողներին գերազանց առաջադիմության դեպքում կտարամդրվի 25000 դրամի չափով կրթաթոշակ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընդունված կարգավորումները տարածվում են 2023-2024 ուստարվանից սկսած ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների վրա, իսկ նախորդ տարիների ընդունված ուսանողների համար գործում են նրանց ընդունելության ժամանակ սահմանված պայմանները:
Ըստ կրթական գերատեսչության` գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ ընդունված ուսանողը, որն ունի գերազանց առաջադիմություն, կստանա լրացուցիչ 5000 դրամ կրթաթոշակ: Այս տարի հաստատվել է այն մասնագիտությունների ցանկը, որում ընդգրկվել են ՀՀ կառավարության կողմից գերակա հռչակված, պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը։ Ցանկում ներառված են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտները։
Գերակա ոլորտի մասնագիտություներից են՝ հարդարման շինարարական աշխատանքներ իրականացող, եռակցման աշխատանքների տեխնոլոգիայի մասնագետ, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովող և այլն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում