Տաջիկստանում հորդառատ անձրևների պատճառով մահացել է 13 մարդ
Նմանատիպ
Տաջիկստանի մի քանի շրջաններում երեկ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով 13 մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի մամուլի ծառայությանը:
«Երեկ հորդառատ անձրևների պատճառով Վախդաթ քաղաքում և Ռուդակիի շրջանում բնական աղետ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 13 մարդ՝ 11 մարդ Վահդաթ քաղաքում և 2 մարդ Ռուդակիի շրջանում», – նշված է հաղորդագրության մեջ:
Երկրի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հանձնարարել երկրի վարչապետին, արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության կոմիտեին և այլ կառույցներին օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և շտապ միջոցներ ձեռնարկել արտակարգ պատահարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Կիրակի Դուշանբեում և հանրապետության այլ շրջաններում հորդառատ անձրև է տեղացել, այն հանգեցրել է ճանապարհների հեղեղման և սելավների: Մասնավորապես, ինչպես հայտնել են ճանապարհները սպասարկող IRS ընկերությունից, սելավը դուրս է եկել Դուշանբե-Չանաք ճանապարհ, միջադեպի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, իսկ մայրուղին փակվել է:
Ականատեսները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակել հանրապետության շրջաններից և մայրաքաղաքից, որտեղ երևում են ճանապարհների հեղեղումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում