Երասխի մետալուրգիական գործարանը կդիմի միջազգային կառույցներին
Նմանատիպ
Երասխի մետալուրգիական գործարանը մտադիր է դիմել միջազգային իշխանություններին՝ ադրբեջանական շարունակվող գնդակոծությունների պատճառով։ Այս մասին հայտնել «GTB Steel» հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը։
Նա նշել է, որ եթե նախկինում թիրախավորվել են մեքենաներն ու շինհրապարակը, ապա այժմ կրեկ են բացում աշխատողների բնակարանների վրա։
«Կրակում են երեկոյան ժամերին, մոտ 60 կրակոց է եղել։ Եթե նախկինում թիրախավորում էին տեխնիկան ու հենց շինհրապարակը, ապա այս անգամ հիմնականում կրակել էին մեր աշխատողների բնակության վայրի ուղղությամբ։ Արդյունքում վնասվել են ապակիները և այլ իրեր»,- ասել է Հակոբյանը։
Տնօրենի խոսքով՝ բարեբախտաբար բանվորները չեն տուժել։
Լարված իրավիճակի պատճառով շինարարական աշխատանքները կրկին դադարեցվել են։ Հաջորդ քայլերի վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Շինհրապարակի տեղափոխման հնարավորությունը քննարկվում է, սակայն դեռ ոչինչ որոշված չէ։
GTB Steel հոլդինգի տնօրենն ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ընկերությունը կրում է լուրջ ֆինանսական վնասներ՝ հաշվի առնելով չնախատեսված ծախսերը և շինարարության ընդհատումները։ Բացի այդ, կան դեպքեր, երբ աշխատողները հրաժարվում են մասնակցել շինարարությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչը հասկանալի է:
Ինչ վերաբերում է իրավական դաշտում ընկերության գործողություններին, ապա, ըստ Հակոբյանի, իրենք փաստաթղթեր են հավաքում, սակայն դեռ չեն ցանկանում գործընթացը հրապարակել։
«Արձագանքը կլինի թե իրավական դաշտում, թե միջազգային կառույցներում»,- վստահեցրել է նա։
Նշենք, որ գործարանը պատկանում է ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերություններին: Հուլիսի 14-ին նրանք դիմել էին Ադրբեջանին՝ զգուշացնելով, որ եթե վերսկսվեն ադրբեջանական զինուժի գնդակոծությունները անզեն աշխատողների ուղղությամբ, ապա դա կդիտվի որպես ուղղակի հարված ամերիկյան կապիտալին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում