Գաբոնում ռազմական հեղաշրջում է

Գաբոնում ռազմական հեղաշրջում է

Գաբոնի զինվորականները հայտարարել են նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանությունների լուծարման մասին։ Այս մասին տեղեկացնում են AFP-ն և Reuters-ը։

Գաբոնի զինված ուժերի մի խումբ բարձրաստիճան սպաներ ազգային հեռուստատեսությամբ հայտարարել են, որ եկել են իշխանության և չեղյալ են հայտարարել օգոստոսի 26-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Reuters-ի փոխանցմամբ՝ ապստամբների թվում կան անվտանգության ծառայության, ազգային և նախագահական գվարդիայի, բանակի և ոստիկանության ներկայացուցիչներ։

Հեղաշրջումը տեղի ունեցավ գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Գաբոնի նահանգային ընտրական կենտրոնը հայտարարեց, որ երկրի գործող նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբան երրորդ ժամկետով վերընտրվել է ձայների 64,2%-ով։ Նա առաջին անգամ ընտրվել է 2009 թվականին հոր՝ Օմար Բոնգո Օնդիմբայի մահից հետո, ով Գաբոնի նախագահն է եղել ավելի քան 40 տարի։

Ընտրատեղամասերի փակումից հետո երկրում պարետային ժամ է սահմանվել, արգելափակվել է ինտերնետ հասանելիությունը։ Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դա արվել է «բռնությունը, դրա կոչերը և կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու նպատակով»։ Մինչ այդ արդեն փակ էին Գաբոնի արտաքին սահմանները։ Ինչպես ասել է ներքին գործերի նախարար Լամբերտ Նոել Մատան, երկրում կան ուժեր, որոնք կարող են խաթարել կայունությունն ու խաղաղությունը։

Երկրում դադարեցվել է ֆրանսիական RFI ռադիոկայանի (Radio France Internationale) և France 24 հեռուստաալիքի հեռարձակումը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել պետական ​​հեղաշրջման փորձից հետո զերծ մնալ երկրում ճանապարհորդելուց։

Իսկ Գաբոնում Իտալիայի դեսպանությունը X-ում հայտարարել է, որ հյուպատոսարանը շարունակում է իր աշխատանքը, սակայն իտալիայի քաղաքացիներին հորդորել է լինել  զգույշ։

Նշենք, որ Գաբոնը Աֆրիկայի նավթով հարուստ երկրներից մեկն է (ապահովում է արտահանման եկամուտների 70,5%-ը): Մեկ շնչին ընկնող եկամտի առումով այն մայրցամաքի առաջատարներից է (տարեկան 7,540 դոլար, երրորդը Սեյշելներից և Մավրիկիոսից հետո):

Միևնույն ժամանակ, ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականությունը չի կարողացել լուծել աղքատության խնդիրը, որը 2022 թվականի դրությամբ ազդել է երկրի բնակչության 32,9%-ի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում