Լաչինի միջանցքի իրավիճակը ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունքն է․ Զախարովա
Նմանատիպ
Ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է»,- ասել է նա։
Նրա խոսքով` դա արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին ԵՄ հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտին։ Այս մասին հստակ ասված է ՌԴ ԱԳՆ-ի հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Ըստ Զախարովայի` ՌԴ խաղաղապահների խնդիրը ստեղծված նոր պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում։
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ ադրբեջանական տարածքում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
«Պետք է զբաղվենք պայմանավորվածությունների կատարմամբ, սա է երաշխիքը։ Եթե ինչ-որ բան համաձայնեցված է, ավելին` ամենաբարձր մակարդակով ստորագրություններով կնքված, պետք է իրականացվի, այլ ոչ թե նոր բաներ հորինվեն` երրորդ, հինգերորդ, տասներորդ կողմ ներգրավելով»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հենց սկսվում է պայմանավորվածությունների կատարման խաթարումը, երաշխիքները կորչում են։
Այս համատեքստում ռուս դիվանագետը նշել է Երևանի դիրքորոշման փոփոխությունը։ Այն է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում