Ադրբեջանից գազ գնելը նշանակում է աջակցել ցեղասպանությանը․ Ռետայո

Ադրբեջանից գազ գնելը նշանակում է աջակցել ցեղասպանությանը․ Ռետայո

Եվրոպան չպետք է Ադրբեջանից գազ գնի. սա նշանակում է աջակցել արցախահայությանը հալածողներին։ Ֆրանսիայի պատվիրակության անդամ, ֆրանսիացի պատգամավոր Բրունո Ռետայոն նման միտք է հայտնել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվող ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին տեսակապով միացել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ֆրանսիացի պատգամավորը քննադատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Բաքվի հետ գազային համաձայնագրի համար։

«Նախևառաջ լավ կլիներ, որ տիկին ֆոն դեր Լայենը Ադրբեջանի հետ գազի համաձայնագիր չստորագրեր։ Դա նշանակում է ուղղակիորեն աջակցել այն երկրին, որն արցախահայության հալածողն է»,– ասել է Ռետայոն։

Նա նաև նշել է, որ Բաքվի վրա քաղաքական ճնշումը ոչինչի չի հանգեցնում, ուստի Ֆրանսիայի նախագահը պետք է նպաստի միջազգային վերահսկողության ներքո Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Ֆրանսիացի պատգամավորը նաև ընդգծել է, որ Արցախում այսօր տեղի ունեցողը էթնիկ զտում է և ցեղասպանություն։

Պատվիրակության մեկ այլ անդամ՝ Ժաննա Բարսեղյանը, ով Ստրասբուրգի քաղաքապետն է, հիշեցրել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի խոսքերը, ըստ որոնց, հանրապետությունում ալյուրի պաշարները 2 օրվա են մնացել։

«Արցախ ուղարկվող բեռների նախաձեռնությանը Ստրասբուրգը միացել է 2 պատճառով։ Առաջինն այն է, որ կարծում եմ, որ պետք է հրատապ գործել։ Երկրորդն էլ այն է, որ մեր քաղաքում է տեղակայված Եվրոպայի խորհուրդն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։ Մեր ուղերձն ենք հղում Ֆրանսիայի նախագահին, ինչպես նաև եվրոպական այլ հաստատությունների»,– նշել է Ստրասբուրգի քաղաքապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում