Իրականությունը միտումնավոր խեղաթյուրում են․ Պեսկով
Նմանատիպ
Ուկրաինացի պաշտոնյաների պնդումները, թե Ռուսաստանն իր գործողություններով սով է հրահրում Աֆրիկայում, բացարձակապես անհիմն են։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես գրում է Interfax-ը, Պեսկովն ընդգծել է, որ նման հայտարարությունները «իրականության միտումնավոր խեղաթյուրում» են։ Նրա խոսքով` աֆրիկյան մայրցամաքում հացահատիկի ու պարենի պակասը կապ չունի Ռուսաստանի դիրքորոշման հետ։
«Ընդհակառակը, Ռուսաստանը շատ պատասխանատու դիրքորոշում ունի։ Չնայած նրան, որ միջազգային հանրությունը չի կատարել Մոսկվայի նկատմամբ իր պարտավորությունները, ՌԴ–ն բազմիցս երկարաձգել է հացահատիկի գործարքը»,– հիշեցրել է Պեսկովը։
Ըստ նրա` հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանը պատասխանատու կեցվածք ունի։
«Դուք գիտեք աֆրիկյան մայրցամաքի ամենաաղքատ երկրներ հացահատիկի անվճար խմբաքանակ ուղարկելու նախաձեռնության մասին: Այդ մասին հայտարարվել է վերջերս կայացած Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը շեշտել է, որ չնայած այն զգալի դժվարություններին, որոնք ՌԴ-ին պարտադրում են Եվրամիության երկրները և ԱՄՆ-ն, ռուս մատակարարները շարունակում են իրենց աշխատանքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում