Հնարավոր է Լաչինի միջանցքի բացում․ Հաջիև

Հնարավոր է Լաչինի միջանցքի բացում․ Հաջիև

Հայաստանը Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Աղդամ-Խանքենդի ճանապարհի (Ստեփանակերտ – խմբ.) բացումն արտացոլվել է համապատասխան հայտարարություններում, և Հայաստանի ղեկավարությունը Բրյուսելում կայացած հանդիպումներում ճանաչել է այն օգտագործելու հնարավորությունը։ Բայց նրանք (Հայաստանը – խմբ.) սկսեցին հերքել դա հետագա փուլերում։ Որպես այս գործընթացի մեկ այլ բաղադրիչ, կարելի է նախատեսել Լաչինի ճանապարհի բացումը առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։ Լաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։ Միևնույն ժամանակ, դա պետք է ենթարկվի մեր երկրի սահմանային հսկողության վերաբերյալ համապատասխան օրենքներին, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանմանը»,- ասել է Հաջիևը։

Անդրադառնալով Բաքվից Ստեփանակերտ ուղարկված մարդասիրական բեռների թեմային՝ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ չորեքշաբթի օրը բանակցություններ են տեղի ունեցել ադրբեջանական կողմի և ռուս խաղաղապահների միջև։ «Քննարկվել է նաև ռուս խաղաղապահների մեքենաներով պարենամթերքի (արցախայերին – խմբ.) առաքման հարցը, սակայն հայկական կողմը փորձում է կանխել դա»։

Ադրբեջանական կողմը փորձում է Արցախում ստեղծված իրավիճակի համար մեղադրել հայկական կողմին՝ կոծկելով սեփական անօրինական քաղաքականությունը։ «Սննդամթերքի առաքումները չընդունելու և մերժելու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է անջատողական ռեժիմը և Հայաստանը, որը շարունակում է իր դերը կատարել այս մանիպուլյատիվ գործընթացում»,- ավարտել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում