Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները

Բելառուսում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։

Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը երկրում տեղի կունենան հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։ Դրանց ընթացքում «Փոխգործակցություն» արագ արձագանքման հավաքական ուժերը կմշակեն անվտանգության համակարգի միջոցների կիրառումը ՀԱՊԿ-ի Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրադրության կարգավորման համար։ Հետախուզական ստորաբաժանումները գործի կդրվեն «Որոնում» հատուկ զորավարժություններում, «Էշելոն» վարժանքների ընթացքում կմշակեն նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների գործողությունները։ «Արգելք» հատուկ վարժանքներում կստեղծվի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ կազմավորում։ Նախատեսվում են նաև ԱԻՆ-ի «Ժայռ» հատուկ վարժանքները։

Եզրափակիչ փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություններ անցկացնել Ղրղզստանում։

«Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունները հանդիսավոր արարողությամբ կբացվեն Բրեստ ամրոցում։ Միջոցառումները նախատեսվում են վեց զորավարժարաններում՝ Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի մարզերում:

ՀԱՊԿ-ի շրջանակներում շտաբային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային զորամիավորումները։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի ավելի քան 2500 զինծառայող և ավելի քան 500 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա։

«Մարտական եղբայրություն» շարքի առաջին զորավարժությունները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ղազախստանի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում