Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կաճի. Էկոնոմիկայի նախարարություն
Նմանատիպ
Հայ-թուրքական ապրանքաշրջանառության մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում կազմում է 1%: Երևանի և Անկարայի միջև ուղիղ առևտուր սկսելու դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 10 տոկոսի և ավելի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված գրավոր հարցման հիման վրա։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ այդ կապակցությամբ սեփական վերլուծություն չունեն, իսկ տվյալները միջինացված են և տրամադրվել են մի շարք միջազգային կառույցների կողմից։
Այսպես, Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանից Թուրքիա արտահանման ներուժը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի 15-19%-ը։ Գերմանական German Economic Team խորհրդատվական ընկերության տվյալներով՝ Երևանի և Անկարայի միջև ուղիղ առևտրի հաստատումը կհանգեցնի Հայաստանից Թուրքիա արտահանման մասնաբաժնի աճին՝ մինչև ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 6,7%-ը, իսկ Թուրքիայից ներմուծումը կարող է հասնել Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալի 12,8%-ին։
«Ծով չունեցող ցանկացած պետության համար հարևան երկրները հանդիսանում են ոչ միայն արտաքին շուկաներ, այլև տարանցիկ երթուղիներ դեպի երրորդ երկրներ»,-ասվում է պատասխանում:
Գերատեսչությունում ընդգծել են, որ երկու հարևան երկրների (Ադրբեջանի և Թուրքիայի) հետ սահմանի փակ լինելը նվազեցնում է Հայաստանի արտաքին առևտրի հնարավորությունները, սահմանափակում է բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիները: Սա բացասաբար է անդրադառնում նաև բեռնափոխադրումների շուկայում մեր երկրի մրցունակության վրա և հանգեցնում է դրանց բարձր արժեքին։
Ներկայումս «Լոգիստիկայի արդյունավետության ինդեքսի» համաձայն՝ Հայաստանն աշխարհի 186 երկրների շարքում 96-րդ տեղն է զբաղեցնում:
Էկոնոմիկայի նախարարությունում չեն բացառում, որ Թուրքիայի տարածքով ցամաքային երթուղին կարող է նվազեցնել Վրաստանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումների ծավալները:
«Դա կարող է լինել այն դեպքում, եթե նոր ուղին արտահանողի կամ ներմուծողի համար լինի առավել քիչ ծախսատար կամ ավելի նպատակահարմար, հատկապես այն պարագայում, երբ նոր տրանսպորտային ուղին առավել արդյունավետ լինի առևտրաշրջանառության և մասնավորապես՝ 3-րդ երկրների հետ առևտրի համար որպես տարանցիկ բեռնափոխադրումների այլընտրանք»,-նշել են գերատեսչությունում:
Ներկայումս Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալի առյուծի բաժինը՝ 99,9 տոկոսը, բաժին է ընկնում ցամաքային երթուղուն (Վրաստանի տարածքով), և միայն 0,01 տոկոսն է առաքվում օդով։ 2022 թվականի արդյունքներով՝ Թուրքիան օդային ճանապարհով Հայաստան է ներմուծել 3,1 տոննաբեռ, իսկ բեռնատարներով, Վրաստանի տարածքով՝ 24903,8 տոննա։