Չեխիան պատրաստ է օգնել Ուկրաինայում ընտրությունների կազմակերպման հարցում

Չեխիան պատրաստ է օգնել Ուկրաինայում ընտրությունների կազմակերպման հարցում

Չեխիան պատրաստ է օգնել Ուկրաինային 2024 թ.-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացնելու գործում: Այս մասին Euractiv-ին հայտնել է Չեխիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Դրեյկը։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի պայմաններում ընտրությունների կազմակերպումը կարգավորվում է Ուկրաինայի օրենսդրությամբ, և, որքան էլ դա բարդ լինի, մենք կարծում ենք, որ դրանք կարելի է կազմակերպել հաջորդ տարի»,- ասել է Դրեյկը։

Պաշտոնյան Չեխիայի աջակցությունն է հայտնել Կիևին ընտրությունների կազմակերպման հարցում։

«Չեխիան պատրաստ է աջակցել Ուկրաինային այդ հարցում, սակայն այդ օգնության ստույգ ձևը կարող է քննարկվել միայն ուկրաինական կողմի կոնկրետ խնդրանքի հիման վրա»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ Չեխիան առայժմ որևէ հստակ դիմում չի ստացել։

Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը հաստատել է օգնություն ցուցաբերելու երկրի պատրաստակամությունը՝ հավելելով, որ Ուկրաինայի կողմից առաջադրված պահանջները կորոշեն Չեխիայի օգնության յուրահատկությունները։

Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հոկտեմբերին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2024 թ. գարնանը։ Սահմանադրության համաձայն՝ դրանք չեն կարող անցկացվել ռազմական դրության ժամանակ։ Սակայն Կիևի արևմտյան գործընկերները պնդում են, որ ընտրություններն անցկացվեն նախատեսված ժամկետներում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քանիցս հայտարարել էր, որ պետության ղեկավարի ընտրությունները կարող են անցկացվել միայն ռազմական գործողությունների ավարտից հետո։ Սակայն ավելի ուշ Զելենսկին նշել էր, որ հնարավոր է ընտրությունների անցկացումը մինչև ռազմական գործողությունների ավարտը, եթե Արևմուտքը դրա համար ֆինանսավորում տրամադրի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում