ԵՄ–ն ԼՂ–ի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Նմանատիպ
ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի իշխանությունների` Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն։ Այս և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Եվրամիությունը։
«ԵՄ-ն կրկնում է իր կոչը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չսրվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու արդարադատության միջազգային դատարանի որոշմանը»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները Լեռնային Ղարաբաղում օրեցօր պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։ ԵՄ-ն ցավով նշում է նաև, որ խոչընդոտվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։
Ըստ հայտարարության` ԵՄ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը և կողմերին հորդորում է խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության։
«ԵՄ-ն կրկնում է զսպվածության և ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսության իր կոչերը։ Անհրաժեշտ են մշտական ջանքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով՝ ի շահ քաղաքացիական բնակչության»,– գրված է հայտարարությունում:
ԵՄ–ն կարևորել է նաև տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցերի շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը:
Հայտարարությունում նշում է նաև, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ օգնելու հաղթահարել առկա հումանիտար խնդիրները:
ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանմանը և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:
Նշվում է նաև, որ չպետք է կորցնել վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ձեռք բերված թափը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում