Ահաբեկչության սպառնալիքը մեծ է, ինչպես երբեք. Եվրոպոլ

Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուենրայթը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիրիական հակամարտության հետեւանքով Եվրոպան բախվել է վերջին տասը տարվա ընթացքում ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ուենրայթի խոսքով՝ ԵՄ-ի ոստիկանական եւ հատուկ ծառայությունները զգուշանում են ջիհադիստական քարոզչության ազդեցության տակ հայտնված երիտասարդների հայացքների արմատականացումից:

Ռոբ Ուենրայթը կոչ է արել թույլ չտալ Համացանցի, ներառյալ սոցիալական ցանցերի, միջոցով երիտասարդների հավաքագրումը ջիհադիստական խմբավորումներում:

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն արդեն քանիցս տեսահոլովակներ են զետեղել համաշխարհային ցանցում, որոնց թվում եղել են, մասնավորապես, ԻՊ-ի ծայրահեղականների կողմից բռնված ԱՄՆ-ի եւ եվրոպական պետությունների քաղաքացիների ցուցադրական սպանությունների նկարահանումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում