Մինսկը մտադիր է ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-ՇՀԿ գագաթնաժողով կազմակերպել

Մինսկը մտադիր է ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-ՇՀԿ գագաթնաժողով կազմակերպել

ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-ՇՀԿ միասնական գագաթնաժողով կազմակերպելու բելառուսական կողմի գաղափարը գտնվում է մշակման փուլում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։

«Երեք կառույցներն էլ նպաստում են կառուցողական օրակարգին, միավորում են անկախ արտաքին քաղաքականություն վարելու ձգտող երկրներին՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, միմյանց շահերը հաշվի առնելու, հավասարության և թափանցիկության սկզբունքներով»,– ասել են նախարարությունից՝ հավելելով, որ «մասնակից պետությունները տնտեսական զարգացման հարցերի լայն շրջանակի վերաբերյալ հանդես են գալիս համանման դիրքորոշումներով՝ ելնելով ոչ լեգիտիմ միակողմանի սահմանափակումների և պաշտպանողական միջոցառումների անընդունելիությունից»։

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ «կա համագործակցության մեծ ներուժ անկախ ֆինանսական ենթակառուցվածքի կառուցման, ազգային արժույթով հաշվարկներին անցնելու, առևտրի, տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտների կարգավորման լավագույն փորձի փոխանակման, համատեղ նախագծերի ֆինանսավորման և տեխնոլոգիական դաշինքների ստեղծման գործում»։

Գործակալության զրուցակիցը կարծում է, որ «այդ ամենը լավ հիմք է այդ ասոցիացիաների անդամ երկրների միջև արդյունավետ երկխոսության և գործնական համագործակցության խորացման համար»։

«Այժմ կարևոր է ընդհանուր եզրեր գտնել այնպես, որ ԵԱՏՄ անդամ երկրների, ՇՀԿ-ի և BRICS-ի փոխգործակցությունը առավելագույն հավելյալ արժեք բերի, առաջին հերթին մեր երկրների բնակչության և բիզնեսի համար»,- նշել են նախարարությունից։

ՌԴ ԱԳՆ շեշտել է, որ ԵԱՏՄ-ԲՐԻԿՍ-ՇՀԿ միասնական գագաթնաժողով կազմակերպելու բելառուսական կողմի գաղափարը նորություն չէ։ Այն առաջին անգամ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2022 դեկտեմբերի 9-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում