Փաշինյանը պատրաստ է հրատապ քննարկումներ անցկացնել Ալիևի հետ
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Փաշինյանը պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին նա հայտնել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին և բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
Մակրոն իր հերթին ասել է, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է նաև, որ սահմանների երկայնքով լարվածության նվազումն անհրաժեշտ է: