Հայաստանում 2 լիամետրաժ ֆիլմ ու «Netflix»–ի սերիալ կնկարահանեն

Հայաստանում 2 լիամետրաժ ֆիլմ ու «Netflix»–ի սերիալ կնկարահանեն

Առաջիկայում աշխարհահռչակ կինոռեժիսոր կայցելի Հայաստան նոր ֆիլմի նկարահանումների համար։ Այսօր Ազգային ժողովում «Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացման ժամանակ տեղեկությունը հայտնել է նախագծի համահեղինակ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորը նշել է, որ ռեժիսորի այցելությունը, ինչպես նաև օրենսդիր, գործադիր և ֆիլմարտադրողների միջև հուշագրի ստորագրումն ակնկալվում է օրենքի ընդունումից հետո։ Մեր երկրում նախատեսվում է երկու լիամետրաժ ֆիլմ և հայտնի «Netflix»–ի սերիալ նկարահանել։

Ի՞նչ է նախատեսվում օրենքի նոր փոփոխություններով։ Օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում կառավարությունը կսահմանի և կհրապարակի այն ապրանքների և ծառայությունների ցանկն ու պայմանները, որոնցից օգտվելու դեպքում կինոարտադրողները 10-40 տոկոս գումարի վերադարձ կստանան։

«Այս համակարգը ներդնում ենք և ակնկալում ենք, որ առաջիկայում Հայաստանում կինոարտադրության ոլորտում իսկապես էական առաջընթաց կարձանագրվի` հաշվի առնելով այն երկրների փորձը, որտեղ ներդրվել է այս համակարգը։ Մոտ 3-4 տարում տեսանելի են դարձել մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ, մասնավորապես` մեր հարևան Վրաստանում»,– նշել է օրենքի նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը։

Ըստ նրա` այս փոփոխությունների արդյունքում վերջին տարիների ընթացքում մի քանի հայտնի ռեժիսորներ Վրաստանում են նկարահանումներ կատարել։ Օրենքով սահմանվում է նաև, որ եթե կինոարտադրողը ֆիլմում տեսանելի և ընկալելի ձևով ներկայացնի այնպիսի պատմություն, որը որևէ կերպ կնույնականացվի Հայաստանի Հանրապետության, պատմամշակութային հուշարձանների, տեղանքների կամ հերոսների հետ, հնարավոր է նաև` լրացուցիչ գումարի վերադարձ լինի։

Աշխարհում սա նորություն չէ, կիրառվում է ավելի քան 4 տասնյակ երկրում, այդ թվում` եվրոպական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում