Ադրբեջանը ռազմական հարձակման մտադրություն չունի․ Իրանի ԱԳՆ
Նմանատիպ
Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղերձ է հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն։ Այս մասին հայտնում է «Irna»-ն՝ հղում անելով Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, որն ասուլիսի ժամանակ կատարել է հետևյալ հայտարարությունը․
«Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք: Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն: Ըստ նրանց՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»,– ասել է Քանանին։
Նա ընդգծել է, որ Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության հարցում զգայուն է և ուշադիր հետևում է այդ տարածաշրջանի զարգացումներին: Քանանին վստահեցրել է` Իրանի սահմաններն անվտանգ են, և իրենք ապահովում են սեփական սահմանների անվտանգությունը:
«Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է արտահայտվել միջազգայնորեն որոշված սահմանների ցանկացած փոփոխությանը: Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար: Մենք չենք աջակցում ցանկացած գործողություն, որը կարող է ստվերել այս սկզբունքները»,– նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում