Պետհամարանիշները կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով
Նմանատիպ
Հայաստանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացրել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«Առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշերի նոր տեսակ, այն է` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր, որոնց իրացումը կատարվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով: Նախագծի համաձայն` կառավարությունը սահմանելու է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները, իսկ Ներքին գործերի նախարարն իր հերթին կսահմանի այս աճուրդային մեկնարկային գներն ըստ չափորոշիչների, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը», – ասել է Արփինե Սարգսյանը:
Հրապարակային ծանուցումների համար կօգտագործվի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայք-էջը: Աճուրդին մասնակցել ցանկացող անձը կայքում ստեղծված համակարգում պետք է ունենա մասնակցի անձնական էջ, աճուրդին մասնակցության նախավճար պետք է փոխանցի՝ երաշխավորելու իր մասնակցությունն աճուրդին:
Փոխնախարար Սարգսյանը վստահեցրեց՝ անկախ նրանից՝ համարանիշը կունենա զրոներ կամ կրկնվող թվեր, վարորդները վարչարարության առավելություն չեն ունենալու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում