Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները հարկային դաշտ կմտնեն
Նմանատիպ
Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման գնի չափով մարդը երբեմն գումար է գրավ դնում, որպեսզի կարողանա այդ մեքենան վարի ՀՀ–ում։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Ավելի վաղ ՊԵԿ–ի կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով առաջարկվում է Վրաստանում գրանցված մեքենաները Հայաստանում շահագործելու համար առանձին վճարում անել, այսպես ասած, գրավ վճարել։ Մինչ այժմ ՀՀ քաղաքացիները Վրաստանում գնած ավտոմեքենան չէին մաքսազերծում, և այն անարգել շահագործում էին ՀՀ տարածքում։
«Երբեմն գրավադրվող գումարն ավելի մեծ է լինում, քան բուն ավտոմեքենայի գինը։ ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունը, ճիշտ է, ոլորտը կարգավորում է, սակայն բազմաթիվ հիմնախնդիրներ է նաև պարունակում»,- հայտարարել է պատգամավորը։
Նրա հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ասելով. «Մենք մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում` վրացական պետհամարանիշների նկատմամբ։ Խոսքն այստեղ վերաբերում է ՀՀ նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելուն, այլ ոչ թե վրացական պետհամարանիշներ ունենալուն։ Մարդ պետք է վարի այն ավտոմեքենան, որն իր հնարավորությունների սահմաններում է»,- ընդգծել է վարչապետը։
Ըստ նրա` Վրաստանի քաղաքացիները կարող են վրացական պետհամարանիշներով ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող սահմաններում մուտք գործել երկիր ու վարել մեքենան։ Այս դեպքում ՀՀ կառավարությունը կստուգի տվյալ վարորդի` Վրաստանի քաղաքացի լինելու հանգամանքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում