Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը ՀՀ և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով
Նմանատիպ
Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։ Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվում է մնալ լարված։ Այս մասին սեպտեմբերի 14-ի Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով»,- նշել է Փաշինյանը։
«Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել: Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում:
Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումներն ապահովելու համար»,- ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ ներկայացուցիչները:
«Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- եզրափակել է վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում