Արևային կայանների համար ալյումինե դետալների արտադրության գործարան է կառուցվում

Արևային կայանների համար ալյումինե դետալների արտադրության գործարան է կառուցվում

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Կառավարության նիստում որոշվել է փոփոխություն կատարել նախկին որոշումներից մեկում։ Դա պայմանավորված է «ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախկինում կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել էր «ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ–ին:

«ՍՈԼԱՐԱ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար՝ հիմնականում  նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Դետալների արտադրությունն  իրականացվելու է ՀՀ Աբովյան քաղաքում կառուցվող գործարանում։

Այժմ ընկերությունը մեկնարկում է ծրագրի իրականացման 2-րդ փուլը, որի ընթացքում պետք է ներմուծվի 118․5 մլն դրամի լրացուցիչ ապրանքներ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 427․8 մլն դրամ։

Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Լիզինգատու կազմակերպություն) միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

Այս որոշումը կնպաստի մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում