ՀՀ–ում անհուսալի վարկառուների համար կստեղծվի վճարման շահավետ մեխանիզմ
Նմանատիպ
Հայաստանում կա 300 հազար մարդ, որոնք նախկինում բանկային համակարգի հետ ամենատարբեր խնդիրներ են ունեցել և արդյունքում հայտնվել են ստվերային դաշտում։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մարդկանց հարկային դաշտ վերադարձնելու համար, ըստ նրա, կառավարությունը ցանկանում է ստեղծել մի մեխանիզմ, որ նրանք կամովին դուրս գան ստվերից։
«Անհուսալի այս վարկառուներն աշխատում են, աշխատավարձ են ստանում, սակայն այն որևէ տեղ չի արձանագրվում. հարկեր չեն վճարում ու բանկերի սև ցուցակում են։ Բազմաթիվ սոցիալական ծրագրեր կան, որոնցից նրանք չեն օգտվում։ Մեր առաջարկած մեխանիզմը չի վերաբերելու վերջին երեք տարում այդ վիճակում հայտնված մարդկանց, քանի որ դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու համակարգին, այլ այն կվերաբերի 3 տարի առաջ նման վիճակում հայտնված մարդկանց։ 300 հազար մարդ…Դուք պատկերացնո՞ւմ եք` սա ինչ տնտեսկաան պոնտենցիալ է, ինչպիսի տնտեսական ակտիվություն է, որը մենք չենք աջակցում, որ նրանք վերադառնան լիարժեք տնտեսական գործունեության»,– նշել է նա։
Նիկոլ Փաշինյանն շեշտել է, որ այս հարցը կքննարկեն ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ աշխատանի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ մինչև տարեվերջ այդ որոշումը կկայացնեն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն իր հերթին նշել է, որ փոխվարչապետի հետ արդեն քննարկում են 100 հազարից 1 մլն դրամի միջակայքում վարկային պարտավորություններ չկատարած 204 հազար քաղաքացու հարցը։
«Նախատեսվող նախագծով` այդ մարդկանց մի մասին աշխատաշուկա կուղղորդենք, մյուս մասին հնարավորություն կտրվի ձևակերպելու նրանց աշխատանքային զբաղվածությունը։ Նախագծով ԴԱՀԿ բռնագանձման տոկոսը կիջեցնենք, մյուս կողմից էլ այնպիսի ուղերձ պետք է հղենք, որ քաղաքացին պետք է աշխատի ու իր աշխատավարձով այդ գումարը փակի։ Դա արդեն եկամտահարկի ուղղորդման մեխանիզմով է հնարավոր իրականացնել»,- հավելել է Նարեկ Մկրտչյանը։
Նախարարն ընդգծել է, որ, այսպես կոչված անհուսալի վարկառուների 50 տոկոսը Երևանում են բնակվում, մնացած մասը` ՀՀ մարզերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում