Ուկրաինայի 3 քաղաքացի հափշտակել է ընդհանուր 112 մլն ՀՀ դրամից ավելի գումար
Նմանատիպ
Ուկրաինայի 3 քաղաքացիներ 2016 թվականին Երևանի 16 բանկոմատների ստեղնաշարերի վրա հավաքել են հատուկ գաղտնաբառեր, ապօրինի ելքագրել և հափշտակել են ընդհանուր 112 մլն ՀՀ դրամից ավելի գումար։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
ՀՀ ՔԿ-ն տեղեկացնում է, որ Ուկրաինայի երեք քաղաքացիներ, բանկի գումարները հափշտակելու նպատակով ներթափանցել են ՀՀ տարածքում գործող բանկի համակարգչային համակարգ և ապօրինի տիրացել համապատասխան աշխատակցին պատկանող մուտքանվանը և գաղտնաբառին, այնուհետև ներթափանցել մյուս աշխատակցի աշխատանքային համակարգիչ, ներբեռնել հեռակա համակցման ծրագիր և կարողացել բանկի բանկոմատները կառավարող սերվերը վարակել «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով (virus- խմբ․)։
Արդյունքում՝ 2016թ․ հոկտեմբերի 22-23-ին, բանկոմատների աշխատանքի խափանման հետևանքով, Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրված բանկի 16 բանկոմատներից հափշտակել են ընդհանուր 112.521.000 ՀՀ դրամ:
Համաձայն պայմանավորվածության՝ Երևան քաղաքի բնակիչը խմբի անդամներից ստացել է 92.840.000 դրամ կանխիկ գումար, որի մեծ մասն իր ծանոթների միջոցով փոխարկել է ԱՄՆ դոլարի և հանձնել է վերջիններիս, իսկ փոքր մասը փոխարկել է «Bitcoin» և «AdvCash» էլեկտրոնային արտարժույթների, որոնք դրանց էլեկտրոնային վճարային համակարգերում իր հաշվեհամարներից 2016թ․ հոկտեմբերի տարբեր օրերի փոխանցել է կեղծանվամբ հանդես եկող անձնավորության կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Իսկ խմբի նշված երկու անդամները, ստանալով ԱՄՆ դոլարի փոխարկված կանխիկ գումարները, մեկնել են ՀՀ-ից:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում