Եվրախորհրդարանը ՄՔԴ-ին կոչ է արել Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ
Նմանատիպ
Եվրախորհրդարանը Հաագայի Միջազգային քրեական դատարանին (ICC) կոչ է արել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ։
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին եվրոպացի պատգամավորների կողմից հաստատված բանաձևում Լուկաշենկոն նշվում է որպես Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններից ավելի քան 2150 երեխաների, այդ թվում՝ ծնողազուրկ երեխաների բռնի ուժով տեղափոխման մեղսակից Բելառուսի, այսպես կոչված, առողջապահական ճամբարներ, որտեղ «նրանք ենթարկվում են ռուսացման և գաղափարական ինդոկտրինացիայի»։
Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին և նրա վարչակարգին պատասխանատու է համարում այս ռազմական հանցագործությունների համար, ինչպես Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային:
Բանաձևը դատապարտում է Լուկաշենկոյի վարչակարգի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն, անօրինական և չհրահրված ագրեսիվ պատերազմին։
Այդ մեղադրանքների շարքում են՝ ռուսական զորքերին սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարում, ռուսական բանակի համար բաղադրամասերի արտադրություն, երկրում ռուսական զորքերի տեղակայում և նրանց պատրաստում բելառուս հրահանգիչների կողմից։
Լուկաշենկոյի ռեժիմը դարձել է Ռուսաստանի կատարած հանցագործությունների մեղսակիցը, ինչը ենթադրում է պատասխանատվություն Ուկրաինային հասցված ավերածությունների և վնասների համար, նշվում է փաստաթղթում։ Այս կապակցությամբ Եվրախորհրդարանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հանցագործության համար հատուկ միջազգային տրիբունալը պետք է իրավասություն ունենա հետաքննելու ոչ միայն Պուտինի և Ռուսաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարության, այլև Բելառուսի ղեկավարության գործողությունները։
Ուստի եվրոպացի խորհրդարանականները կոչ են արել Եվրամիության կառույցներին և ԵՄ երկրներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ «ապահովելու Բելառուսի պաշտոնյաների քրեական հետապնդումը, ովքեր մեղսակից են ագրեսիային, ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին և Ուկրաինայի դեմ կատարված ցեղասպանությանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում