Թուրքիան քննարկում է Չինաստանի հետ նոր ԱԷԿ-ի կառուցումը
Նմանատիպ
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ իր երկիրը մոտենում է Չինաստանի հետ նոր ատոմակայանի կառուցման համաձայնագրին, որը թույլ կտա Թուրքիային նվազեցնել էներգիայի ներմուծման ծախսերը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Սեպտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում Բայրաքթարն ասել է, որ բանակցությունները կարող են ավարտվել «մի քանի ամսից»։ Չինացի պաշտոնյաները վերջերս այցելել են Բուլղարիայի և Հունաստանի հետ սահմանի մոտ ապագա ատոմակայանի հավանական շինարարության վայր:
«Մենք երկար ժամանակ բանակցում ենք չինական ընկերության հետ»,- ասել է Բայրաքթարը և նշել, որ մնացած տարաձայնությունները լուրջ խոչընդոտ չեն։ «Հետևաբար, մոտ ապագայում մենք կկարողանանք լրացնել բացերը և Չինաստանի հետ համաձայնագիր կնքել միջուկային էներգետիկայի ծրագրի շուրջ»։
Գործարքի պայմաններով Չինաստանը Թուրքիայում կկառուցի իր երրորդ ատոմակայանը։ Դրանցից առաջինը Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվում է Միջերկրական ծովի ափին, իսկ երկրորդը՝ Սև ծովի ափին, դեռ պլանավորման փուլում է։ Բայրաքթարի խոսքով, և՛ ռուսական «Ռոսատոմը», և՛ հարավկորեական ընկերությունները շահագրգռված են երկրորդ ատոմակայանի կառուցմամբ, մինչդեռ Թուրքիան ավելի ակտիվ մասնակցություն է փնտրում տեղական ընկերություններից։
Թուրքիան միջուկային էներգիան համարում է էներգակիրների ներկրման ծախսերը նվազեցնելու իր ջանքերի առանցքային տարրը, որը 2022 թվականին կազմել է 80 միլիարդ դոլարից մի փոքր պակաս: Սա կլինի Պեկինի առևտրային հաղթանակը, քանի որ չինական միջուկային արդյունաբերությունը մինչ այժմ չի կարողացել շատ օտարերկրյա գնորդներ գտնել իր Hualong-1 ռեակտորի համար:
Պեկինը բանակցություններ է վարում Արգենտինայից մինչև Սաուդյան Արաբիա երկրների հետ, սակայն ռեակտորը ներկայումս շահագործող միակ երկիրը, բացի Չինաստանից, Պակիստանն է:
Բայրաքթարն ասել է, որ Թուրքիայի վերջնական նպատակն է ատոմային էներգիայի արտադրությունը հասցնել 20 գիգավատների, ինչը գրեթե չորս անգամ ավելին է, քան կարող է արտադրել Աքքույու ատոմակայանը մի քանի տարում լիարժեք շահագործման դեպքում: Այս նպատակին հասնելու համար Թուրքիային, հավանաբար, կպահանջվի 5 ԳՎտ լրացուցիչ հզորություն փոքր մոդուլային ռեակտորներից, եզրափակել է նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում