Այս կոնսենսուսը թույլ կտա վերսկսել մարդասիրական փոխադրումները․ ԿԽՄԿ
Նմանատիպ
Կողմերի միջև ձեռքբերված այս փոխհամաձայնությունը թույլ տվեց Կարմիր խաչի թիմերին` վերսկսելու կյանք փրկող աշխատանքը։ Այսպիսի հայտարարություն է տարածել ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը X-ի միկրոբլոգում` մեկնաբանելով Լաչինով և Աղդամով միաժամանակ հումանիտար բեռնափոխադրումների թույլատրմանը։
As a result of persistent diplomatic efforts to find a humanitarian consensus between the decision-makers, today we are bringing shipments of wheat flour and essential medical items.
The operation includes 2 trucks simultaneously delivering goods via the Lachin & Aghdam roads.
— ICRC (@ICRC) September 18, 2023
Նշվում է, որ համառ դիվանագիտական ջանքերի արդյունքում ԿԽՄԿ–ն այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուրի և բժշկական նշանակության առաջին անհրաժեշտության պարագաների խմբաքանակներ է առաքում մարդկանց։
«Մենք մեծ թեթևացում ենք զգում, որ մարդասիրական օգնության կարիք ունեցող շատ մարդիկ վերջապես կստանան անհրաժեշտ աջակցություն առաջիկա օրերին։ Առողջապահական կառույցներում կա դեղորայքի պակաս։ Մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար։ Նրանք շտապ օգնության կարիք ունեն՝ կանոնավոր մարդասիրական մատակարարումների տեսքով։ Այս կոնսենսուսը թույլ տվեց մեր թիմերին վերսկսելու այս կյանք փրկող աշխատանքը»,- ասել է Բաուերը։
ԿԽՄԿ–ից տեղեկացնում են, որ օգնությունն ուղարկվում է երկու բեռնատարով, որոնք միաժամանակ բեռներ են տեղափոխում ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի ճանապարհով:
«Հուսով եմ, որ այս կոնսենսուսը թույլ կտա վերսկսել մեր զուտ մարդասիրական փոխադրումները ոչ միայն այսօր, այլև առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր կերպով օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,– ընդգծել է Բաուերը:
Նա հավելել է, որ ԿԽՄԿ–ի նպատակն է չեզոքության, անկողմնակալության և անկախության հիմնարար սկզբունքներին համապատասխան օգնության հասնել նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը:
Այսօր՝ ավելի վաղ, Արցախի տեղեկատվական շտաբն իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որից տեղեկանում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների:
Ինչպես նաև, հայտնել են, որ մի քանի օրից կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում