Հնարավոր է համագործակցություն հայ բուժաշխատողների հետ
Նմանատիպ
Հայաստանն ունի բավականին լավ կրթված և մեծ հնարավորություններով աշխատուժ բժշկական ոլորտում, իսկ աշխարհում այսօր բուժաշխատողների մեծ պակաս կա: Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուին։
«Մենք կարծում ենք, որ այս ոլորտում հնարավոր է համագործակցություն: Նաև հնարավոր է համագործակցություն մասնավոր բուժհաստատությունների հետ։ Առաջիկա այցերի ժամանակ նախատեսում ենք, որ այս հաստատությունները ևս կմասնակցեն բիզնես-ֆորումներին: Հատկանշական է, որ ՀՀ–ն այս ոլորտում բավականին մեծ հարկային արտոնություններ է տրամադրում, ինչը ոգեշնչող է»,- նշել է նա:
Ալ Մազրուին վստահեցրել է, որ ԱՄԷ–ում տնտեսության զարգացումը բավականին բարձր մակարդակի վրա է, այդ թվում նաև բժշկական ոլորտը։ Նրա խոսքով` ԱՄԷ-ում արդեն գործում են այս ոլորտի` աշխարհի 4 լավագույն ընկերությունները:
«Ինչպես ԱՄԷ-ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ գործընկերների հետ համագործակցությամբ, և այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետև երկրի տնտեսությունը գրանցում է բավականին դինամիկ ու կայուն աճ»,- ընդգծել է նա:
Ըստ նրա` այս պահին իրենք ՀՀ-ում են, որպեսզի հասկանան` ենթակառուցվածքային և լոգիստիկ տեսանկյունից ինչ ուղիներ կան փոխադարձ առևտուրը և տնտեսական համագործակցությունը խթանելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում