ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

ԱԳՆ-ը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020թ. սեպտեմբերին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։

««Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր»։

Հայտարարությունում նշվում է նաև, որ հարձակմանը նախորդել է այդ թվում Ադրբեջանի ԱԳՆ կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին, ինչը վկայում է հարձակման պլանավորման և տեղեկատվական դաշտի ապահովման մասին։ «Կրկին հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված չեն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և ռազմական տեխնիկա, ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին բոլոր լուրերը կեղծ են և շինծու»։

ԱԳՆ նաև կոչ է հղել միջազգային գործընկերներին։ «Կոչ միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում