ՀՀ գլխավոր դատախազը իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Նմանատիպ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, առկա են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդվում են:
ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ Իրանը մտահոգված է ստեղծված իրավիճակով և ընդգծել, որ Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ու ամրապնդմանը:
Նշենք, որ Իրանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-իրանական իրավական հարցերով կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում