Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է հարցաքննել Դինքի գործով կասկածվող ինը նախկին պաշտոնյայի

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր կարևոր զարգացում է տեղի ունեցել: Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է հարցաքննել Դինքի սպանության ժամանակ կարևոր վարչական պաշտոններ զբաղեցրած անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, այդ պաշտոնյաներն են Ստամբուլի անվտանգության վարչության այն ժամանակվա ղեկավար Ջելալեթթին Ջերրահը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, Ստամբուլի անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը և ոստիկաններ Բյուլենթ Քյոքսալը, Իբրահիմ Փալան, Իբրահիմ Շևքի Էլդիվանը, Վոլքան Ալթունբուլաքը, Բահադըր Թեքինը և Օզջան Օզքանը: Նշվում է, որ նրանց դեմ կարող է դատական գործ հարուցվել:

Դինքի ընտանիքը վերոնշյալ անձանց հարցաքննելու թույլտվություն ստանալու համար Ստամբուլի նահանգապետարան էր դիմել 2011 թվականին, սակայն նահանգապետարանը մերժել էր ընտանիքի դիմումը, ինչից հետո Ստամբուլի հանրապետական դատախազությունը որոշում էր կայացրել այդ պաշտոնյաների նկատմամբ դատական գործ չհարուցել: Իրենց պահանջի մերժումից հետո Դինքի ընտանիքը դիմել էր դատարան: Բաքըրքյոյի ծանր հանցագործությունների քննության 8-րդ դատարանը որոշում էր կայացրել չեղյալ համարել այս 9 անձանց նկատմամբ կայացված «անձեռնամխելիության» որոշումը: Հետագայում գործի ուսումնասիրությանը միացել էր նաև Արդարադատության նախարարությունը, որն էլ հենց կայացրել էր վերջնական որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում