Եվրախորհրդարանը սահմանափակվում է միայն Ադրբեջանին դատապարտելով. Բելամին

Եվրախորհրդարանը սահմանափակվում է միայն Ադրբեջանին դատապարտելով. Բելամին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցնում էթնիկ զտումների մտադրությունը, իսկ Եվրախորհրդարանն ու Եվրահանձնաժողովը սահմանափակվում են միայն նրա գործողությունների դատապարտումներով: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։

Նա նշել է, որ վերջին ամիսների ընթացքում Եվրոպայի և արևմտյան աշխարհի լռությունն Ալիևին, այսպես ասած, թև է տվել նոր ագրեսիայի համար։ Բելամինը շեշտել է` հիմա որևէ մեկը չի կարող ժխտել, որ Ղարաբաղում խախտվում է միջազգային իրավունքը, ընդ որում՝ դրա հիմնարար, հումանիտար նորմերը։

«Ադրբեջանը հայտարարում է, որ «հակաահաբեկչական գործողություն» է իրականացնում, իսկ իրականում սպանում է խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ կանանց ու երեխաներին։ Մենք պետք է դատապարտման հայտարարություններից անցնենք գործողությունների: Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ են պետք։ Պետք է չեղյալ հայտարարել Ադրբեջանի հետ գազային խայտառակ գործարքը, ընդ որում, ոչ թե մի քանի շաբաթ կամ օր հետո, այլ անմիջապես»,– հայտարարել է պատգամավորը։

Ըստ նրա` միայն այդպես կարելի է խանգարել էթնիկ զտմանը, որն Ալիևը ցանկանում է կազմակերպել և բացահայտ հայտարարում է այդ մասին։

Ֆրանսիացի խորհրդարանականը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում տեղի ունեցած ցեղասպանության փորձի հիման վրա։ Հայ ժողովուրդն արդեն վերապրել է Ցեղասպանությունը, իսկ հիմա նրանք, ովքեր հարձակվել են Ղարաբաղի վրա, ոչ թե պարզապես տարածքային պատերազմ են վարում, այլ ուզում են ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի։

Բելամինը հավելել է` կոնկրետ քայլեր չձեռնարկելը կնշանակի, որ Եվրոպան ինքն իրեն է դավաճանում։


Հետևեք մեզ նաև Telegram-ում