Ամենայն հայոց կաթողիկոսը կոչով դիմել է բոլորին
Նմանատիպ
Պետք է ամեն ջանք ներդնել արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս հայտարարությունն արել է Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցած պատարագի ժամանակ` կոչով դիմելով ՀՀ իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին։
«Երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար»,– ասել է նա։
ՀՀ Անկախության 32–րդ տարեդարձի առթիվ նա կոչ է արել միասնական աղոթք մատուցել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության ու ժողովրդի անվտանգ կյանքի համար:
«Հայոց անկախ պետականության վերակերտման 32-րդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով»,– հայտարարել է կաթողիկոսը:
Նա նշել է, որ 100 տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է ցեղասպանության դառնությունը։
«Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում»,– ընդգծել է Գարեգին Բ–ն:
Նա կոչով դիմել է միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար:
Դիմելով Արցախի իշխանություններին` նա ասել է, որ այսօր նրանք մեն–մենակ են մնացել, կանգնած են ծանր պատասխանատվության առաջ։
«Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են»,- շեշտել է Գարեգին Բ–ն։
Վերջում նա իր հայրապետական օրհնությունն է տվել Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը` կոչ անելով ամրապնդվել հույսով և հավատով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում