Չեմ կարծում, որ պետք է աչք փակենք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ձախողումների վրա

Չեմ կարծում, որ պետք է աչք փակենք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ձախողումների վրա

ՀՀ-ն իր ձախողումների պատասխանատվությունը որևէ մեկի վրա չի դնում, բայց դա չի նշանակում է, որ պետք է աչք փակի այն ձախողումների վրա, որոնք ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ունեցել են։ Այս մասին ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական մամուլի հրապարակումներին, որ ՀՀ-ն իր անհաջողությունների պատասխանատվությունը փորձում է գցել Ռուսաստանի վրա։

«Մենք որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում։ Կա հստակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ, օրինակ, Լաչինի միջանցքը լիարժեք պետք է լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է երաշխավորեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը հետևողականորեն դեռևս 1,5 տարի առաջվանից սկսել է այդ հարցը բարձրացնել, որ պրոցեսները ճիշտ ճանապարհով չեն գնում։

«Մենք որևէ անազնիվ բան չենք անում, մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, և ես չեմ կարծում, որ մենք բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որոնք ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում ունեցել են»,- ասել է նա։

Նա հիշեցրել է նախորդ տարի տեղի ունեցավ դեպք, երբ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները Մարտակերտի բնակչին երաշխավորել էին, որ տրակտորով կարող է իր դաշտում աշխատել։

«Տրակտորի ղեկին Ադրբեջանի դիպուկահարը սպանել էր տրակտորիստին` խաղաղապահը կողքը նստած»,- ասել է նա ՝ հավելելով, որ շատ բաների մասին նախընտրել են չխոսել՝ հասկանալով, որ բարդ է իրավիճակը և այնպես չէ՝ ամեն ինչ վերահսկելի է խաղաղապահների կողմից։

Անդրադառնալով Արցախում վերջին դեպքերին՝ նա ընդգծել է՝ եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչո՞ւ հարձակումից առաջ չեն պայմանավորվել։

«Ի վերջո, բոլորը ահազանգում էին դրա մասին, և մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն պարփակված, շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով, ինչո՞ւ այդ միջնորդական գործունեությունը այն ժամանակ չի արել։ Սրանք հարցեր են, որ պետք է պատասխան ստանան»,- եզրափակել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում