Թուրքիայի բանտերը 300 տոկոսով լի են բանտարկյալներով

Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած «Քրեակատարողական հաստատությունների տարեկան կատարողականները» զեկույցում նշված է, որ վերջին 12 տարում թուրքական բանտերը 300 տոկոսով լի են բանտարկյալներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թուրքական HaberTurk հեռուստաալիքը, անդրադառնալով թեմային, հայտնում է, որ դրանով զեկույցը միեւնույն ժամանակ անդրադարձնում է 2003 թվականին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո թուրքական հասարակության մեջ հանցագործությունների մակարդակի աննախադեպ աճը:

Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Մեհմեթ Թանալն այդ առնչությամբ խորհրդարանում ունեցած ելույթում ասել է. «Մեր երկրում հանցագործությունների աննախադեպ աճ է գրանցվել, որոնց մեջ ամենաշատը գողության դեպքերն են, այնուհետև գալիս են մարդասպանությունները եւ բռնությամբ յուրացումները: Դա խոսում է այն մասին, որ Թուրքիան տնտեսապես ուժեղ երկիր չէ: Հանցագործություն կատարողների մեծ մասն էլ տարրական կրթությամբ կամ ընդհանրապես կրթություն չունեցող անձինք են, ինչն էլ խոսում է երկրում կրթական մակարդակի խիստ ցածր լինելու մասին: Զեկույցը ցնցող է այն առումով, որ հանցագործների մեջ մեծ թիվ են կազմում անչափահասները, որոնք հիմնականում ներքին Անատոլիայի բնակիչներ են»:

«Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ պատգամավորը զեկույցի հետ կապված հարցապնդումներ է ներկայացրել Թուրքիայի արդարադատության, ներքին գործերի եւ կրթության նախարարներին, որոնցից պահանջել է գրավոր բացատրություններ տալ թուրքական բանտերում առկա իրավիճակի եւ այն մասին, թե կոնկրետ ինչ են անում իրենց կառույցները` ստեղծված աղետալի վիճակը մեղմելու ուղղությամբ», -հայտնում է հեռուստաալիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում