Արցախից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ
![Արցախից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ](https://times.am/v3/wp-content/uploads/2023/09/382503938_708143204682443_296919064774640857_n-1200x630.jpg)
Նմանատիպ
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»՝ map.socservice.am։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզի» նպատակն է ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելը ու դրանց հետագա կիրառումը պլանավորելը։
Այս հարթակում կազմակերպությունները հնարավորություն կունենան լրացնել իրենց ռեսուրսները, ինչից հետո հավաքագրված տվյալները հասանելի կլինեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Հավաքագրված ռեսուրսները վերջիններիս կողմից կհամակարգվեն և ըստ անհրաժեշտության կօգտագործվեն:
Ներկայում տեղահանված անձանց կարիքները գույքագրվում և բավարարվում են ՀՀ կառավարության կողմից` մարզպետարանների համակարգմամբ։
Հիշեցնենք` տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարկվել էր Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գիծը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում