Պարզաբանում` «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

Պարզաբանում` «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

Շրջանառվող լուրերը, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են և աղերս չունեն իրականության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում օգտատերերը տարածում են «Մայրենի 5»-ի երկու դասագիրք, որոնցից մեկի վրա պատկերված է հայկական դրոշ, մյուսի վրա նույն տեղում, ըստ նրանց, ադրբեջանական դրոշի գույներն են։ Օգտատերերը վրդովվել են և սկսել բացատրություն պահանջել նախարարությունից։

ԿԳՄՍՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը (1-ին մաս, 2-րդ մաս, հեղինակներ՝ Դավիթ Գյուրջինյան, Թամարա Ալեքսանյան, Աշոտ Գալստյան, «Էդիթ Պրինտ» հրատարակություն) առաջին անգամ երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և մինչև 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է:

«Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում` dshh.am, հրապարակված են դպրոցներում օգտագործված դասագրքերի էլեկտրոնային տարբերակները, որտեղ նշված դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբևէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հորդորում են չտրվել անհարկի մանիպուլյացիաներին և որևէ տեղեկատվություն տարածելուց առաջ դրա իսկությունը ստուգել պաշտոնական հարթակներում:

Համացանցում բարձրացված աղմուկին արձագանքել է նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, և նշել է, որ դասագիրքը տպագրվել է «կոմերցիոն նպատակով»։

«Համացանցում տարածված «Մայրենի – 5» դասագիրքը որևէ առնչություն չունի նոր հաստատված դասագրքերի հետ։ «Մայրենի» առարկան տվյալ գրքով հանրակրթական դպրոցներում դասավանդվել է 2006 թվականից, իսկ շրջանառվող կազմով տարբերակը տպագրվել է սահմանափակ քանակով․ կոմերցիոն նպատակով վերատպվել է 2019 թվականին, երբ, առաջնորդվելով աշակերտների հարմարավետության սկզբունքով, դասագրքերը կիսվել են 2 մասի: Ավելին՝ տվյալ դասագիրքը այս տարի արդեն դուրս է եկել շրջանառությունից»,- նշված է պարզաբանման մեջ։

Ընդգծվում է, որ կազմի գունաշարը ոչ մի առնչություն չունի որևէ երկրի դրոշի հետ, և նմանեցման միտում երբևէ չի դրվել ու չէր էլ կարող դրվել այդպիսի պարզունակ ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում