Սեպտեմբերի 28-ին կքննարկվի Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը

Սեպտեմբերի 28-ին կքննարկվի Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը:

Ազգային ժողովի կայքում այն ընդգրկված է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերի շարքում։

Ենթադրվում է, որ դրանից հետո փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։

Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ․-ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ․-ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

ՀՀ սահմանադրական դատարանը 2023թ․-ի մարտի 24-ին որոշել է, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։

Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։

Անմիջապես, ՌԴ-ն ՀՀ-ից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտի վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը ոչ մի կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում