«Զանգեզուրի միջանցքն» ավելի կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը. Էրդողան
Նմանատիպ
Նախիջևանից Թուրքիա վերադառնալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա իր խոսքում մեծապես անդրադարձել է Հայաստանին և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին։
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանն ասել է, որ այն կապահովի Թուրքիայի ուղիղ կապն Ադրբեջանի հետ, նա նաև հավելել է. «Ցամաքային և երկաթուղային գծերով Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ուղիղ կապի հաստատումը մեր հարաբերություններն ավելի կամրապնդի։ Այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի»։
Էրդողանը նաև նշել է, որ երբ այս միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս գնալ։ «Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը շատ ավելի կամրապնդվի։ Ուրախալի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնելը»,- ասել է նա։
Նախագահը նաև անդրադարձել է «Թուրանի ճանապարհ» նախագծին՝ ասելով, որ «Հատկապես հաշվի առնելով, որ դրանք երկաթուղային համակարգեր են, Թուրքիայից եկող գնացքը անցնելու է Հայաստանով, Նախիջևանով և գնալու է Ադրբեջան։ Ինչ վերաբերում է Հայաստանով անցնելուն, եթե Հայաստանը ճանապարհ չհարթի այս հարցի համար, ո՞ւր կգնա։ Այն անցնելու է Իրանի տարածքով։ Իրանը այս պահին դրական է դիտարկում, և քանի որ դրական է գնահատում, այժմ հնարավորություն կլինի Իրանից անցնել Ադրբեջան։
Էրդողանը նաև խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կարևորության մասին՝ մասնավորապես ասել է, որ ակնկալում է Երևանի կողմից Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործում առաջընթաց։ «Այս ակնկալիքը ես հայտնեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցում։ Մենք անլուծելի խնդիրներ չենք տեսնում, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և բարիդրացիական հարաբերությունների պահպանումը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացում առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը»։
Նա նաև ավելացրել է, որ «Ղարաբաղյան գործողության հաջողությունը հպարտություն է, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կբռնի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և այսուհետև կանի անկեղծ քայլեր»։