ԵՄ-ն 5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի
Նմանատիպ
Եվրոպական միությունը 5 մլն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած աճող կարիքներին ուղղված մարդասիրական ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում։
«Սպասվում է, որ հակամարտության սրումը և դրան հաջորդած հրադադարը Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթ կառաջացնեն դեպի Հայաստան։ Ընդ որում, մոտ 13 500 փախստական արդեն հատել է սահմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Նրանք ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում առկա է սննդի լուրջ պակաս, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ջրի հասանելիության բացակայություն:
5 միլիոն եվրոյի մարդասիրական ֆինանսավորումից 500,000 եվրոն արտակարգ իրավիճակների ժամանակ տրամադրվող աջակցությունն է (այս մասին հայտարարվել է անցյալ շաբաթ) և 4,5 միլիոն եվրոն էլ նոր ֆինանսավորում է:
Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ իրենք պատրաստվում են աջակցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մարդկանց: Այս օգնությունը մատակարարվելու է Հայաստանում գործող ԵՄ տարբեր մարդասիրական գործընկերների կողմից և ունենալու է շուրջ 25 000 շահառու: Առաջնահերթ տրամադրվելու է դրամական օգնություն, կացարան, պարեն և ապրուստի այլ միջոցներ։
Նախատեսում են նաև աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ներսում բնակչության խոցելի շերտերին: Այս օգնությունն էլ կուղղվի Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի միջոցով և նպատակ կա շուրջ 60,000 մարդու ապահովել սննդով, բժշկական օգնությամբ, բնակարանով և այլն:
ԵՄ-ն տարածաշրջան է ուղարկում նաև հումանիտար հարցերով փորձագետի, որը տեղում կաշխատի հումանիտար գործընկերների հետ՝ ճգնաժամին արագ արձագանք ապահովելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում